Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արթուր Վանեցյանն ԱԱԾ աշխատակիցներին առաջարկում է դեկտեմբերի 20-ին այցելել Եռաբլուր

Արթուր Վանեցյանն ԱԱԾ աշխատակիցներին առաջարկում է դեկտեմբերի 20-ին այցելել Եռաբլուր
19.12.2020 | 01:24

ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ պահեստազորայիններին և վետերաններին:

«Շնորհակալ եմ այս օրհասական պահին մեր Հայրենիքի ապագայի հետ կապված ձեր մտահոգության ու հնչեցրած հստակ գնահատականների համար։ Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ:


Որպես ազգային անվտանգության համակարգում երկար տարիների ծառայող՝ առաջարկում եմ ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներին, պահեստազորի սպաներին, ենթասպաներին, շարքային կազմին և սիրելի վետերաններին՝ այս տարի Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ին, այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։ Վստահ եմ՝ հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարևոր այդ օրը:


Հրավիրում եմ և հուսով եմ՝ մեզ կմիանան նաև Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների և զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները:
Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում», - գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Դիտվել է՝ 5791

Մեկնաբանություններ